National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.09.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

Սեպտեմբերի 8-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 3-ին հրավիրված հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ` նախագծերը հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող քայլերի շարունակությունն են, որով ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է վերանայել  հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը եւ հայտարարագրման պարտականություն նախատեսել նաեւ Երեւան համայնքի աշխատակազմի քարտուղարի,  ավագանու անդամների, համայնքների աշխատակազմերի քարտուղարների համար, 15.000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու համար: Առաջարկվում է նաեւ սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ: Առաջարկվում է ընդլայնել նաեւ գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:

Արդարադատության նախարարի խոսքով` առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները եւ ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:

Նախագծով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օժտվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին դիմելու եւ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավասությամբ՝ հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելու եւ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը, հորդորել է գործընկերներին դրական եզրակացություն տալ:

Օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ քննարկվել է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի` նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը:

Փոխնախարարը նշել է, որ  «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարողն ունի զինվորական կենսաթոշակի իրավունք, չնայած այն հանգամանքին, որ դատական կարգադրիչները չեն հանդիսանում զինծառայողներ կամ նրանց հավասարեցված անձ, իսկ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի հաշվառվում զինվորական ծառայության ստաժում:

Ուստի, ներկայացվող նախագծով առաջարկվում է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել եւ դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունն իրականացնել ընդհանուր հիմունքներով, այսինքն, նրանց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով նշանակել աշխատանքային կենսաթոշակ:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը Կառավարության որդեգրած դատական բարեփոխումների շրջանակից դուրս է, այն վատթարացնող նորմ է, ուստի առաջարկել է ձեռնպահ մնալ նման փոփոխությունից:

Պատգամավորների կարծիքով` օրինագծի հիմնավորումները թերի են, առաջարկվող կարգավումները հստակեցման կարիք ունեն:

Քննարկման արդյունքում օրինագծի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով` այն լրամշակելու համար:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի» եւ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերի քննարկումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am